Назад Вперед
Главная » Файлы » LifeStyle

Լիկա Սալմանյան. «Հաջողությանս գրավականներից մեկն էլ արտաքինս է

Լիկա Սալմանյան. «Հաջողությանս գրավականներից մեկն էլ արտաքինս է

 
 
 
 

Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը կարճ ժամանակում հայտնի դարձավ և սկսեց իր ճանապարհը հայկական սերիալային արտադրությունում: Տասնյոթամյա դերասանուհին երազում է թատրոնում Ջուլիետին մարմնավորելու մասին: Ամանորին ընդառաջ Լիկայի հետ զրուցեցինք հեռուստատեսությունում հայտնվելու, խաղացած բաց տեսարանների,  պլաստիկ վիրահատություների դիմելու, անձնական կյանքի և շատ այլ բաների մասին :)
 


- Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստատեսությունում:
- Առաջին քայլերս սկսել եմ որպես պարուհի: Սակայն ծանրաբեռնվածության պատճառով այժմ չեմ զբաղվում դրանով: Նկարահանվեցինք մի տեսահոլովակում, որից հետո առաջարկ ստացա նկարահանվել Սարգիս Առաքելյանի «Արի, արի» երգի տեսահոլովակում:  Դրանից հետո առաջարկ ստացա Մենչից` Արմեն Պետրոսյանից` նկարահանվելու «Եռաչափ սեր» սերիալում, որտեղ մարմնավորեցի Անուշիկին: Դրան էլ հաջորդեց «Հարազատ թշնամին»: Ինձ նկարներով էին տեսել, հավանել և հրավիրել` մասնակցելու քասթինգին: Հաճույքով եմ մասնակցել դրանց, քանի որ սիրում եմ այս մասնագիտությունը:
- Այդ դեպքում ինչո՞ւ գնացիր Բժշկական քոլեջ, և ոչ թատերական ինստիտուտ:
- Սկզբում ինձ որպես բժշկուհի էի պատկերացնում: Երբեք չեմ մտածել, որ դերասանուհի կդառնամ, և ինձ դրանով կճանաչեն: Սակայն երբ առաջարկեցին, փորձեցի և հասկացա, որ դա ինձ ավելի մոտ է: Հիմա այլևս չեմ պատկերացնում ինձ որպես բժշկուհի: Դեռ չունեմ դերասանական կրթություն, սակայն առաջիկայում անպայման լրացնելու եմ այդ բացը:
- Ուսումդ տուժո՞ւմ է նկարահանումների պատճառով:
- Քոլեջի դասերը, բնականաբար, տուժում են, սակայն փորձում եմ լրացնել: Բացակաների պատճառով խնդիրներ եմ ունենում. ոմանք զիջում են, ոմանք` ոչ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր զիջում են, որովհետև ոչ ոք պարտավոր չէ, սակայն կան բարի, հասկացող մարդիկ, ովքեր ընդառաջում են:
- Մասնագիտական կրթություն չունենալը խանգարո՞ւմ է նկարահանման հրապարակում:
- Իհարկե, լավ կլիներ, եթե ունենայի համապատասխան կրթություն: Այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ ու լավ կլիներ: Ես անպայման կունենամ կրթություն և կլրացնեմ այդ բացը:
- Ո՞րն է ամենամեծ սխալը, որ արել ես նկարահանման ժամանակ:
- Մի բան կա, որի համար շատ եմ զղջում: Միշտ մտածում եմ այդ մասին. երբ նկարահանվում էինք «Եռաչափ սեր» սերիալում, ու ես պետք է «ռեպլիկ» տայի, դրա փոխարեն հեռախոսով «sms» էի գրում: Իհարկե, շատ կարևոր բան էր պատահել, որ այդպես վարվեցի, սակայն մինչև հիմա սրտիս դարդ է եղել: Ներողություն եմ խնդրում, քանի որ, կարծում եմ, ամեն դեպքում կարելի էր ավելի լուրջ վերաբերել: Միգուցե դա մասնագիտական փորձի պակասից էր. չեմ կարող ասել:
- Այս ընթացքում դերասանական խաղում աճ գրանցե՞լ ես:
- Երբ նայում էի «Եռաչափ սեր» սերիալը, հիասթափվում էի ինձնից, հիմա  չեմ ասում, թե ինձ մոտ ամեն ինչ կատարյալ է, սակայն նկատում եմ այդ աճը:
- Ժամանակին ընդունվել էիր Սունդուկյան թատրոնին կից ստուդիա: Սա լավ հնարավորություն էր լրացնելու մասնագիտական կրթության բացը: Ինչո՞ւ որոշեցիր դուրս գալ:
- Քննություն տվեցի, ընդունվեցի, սակայն չկարողացա գնալ դասերին, քանի որ ժամանակի խնդիր ունեի: Հասկացա, որ չեմ հասցնելու գնալ և մտածեցի, որ եթե պետք է գնամ ու այդ կրթությունը թերի լինի, ինձ պետք չէ:
- Հիմնականում  բարի կերպարներ ես մարմնավորել: Դա քեզ համար նշանակություն ունի՞:
- Որախ եմ դրա համար: Կարծում եմ` դա ինձ ավելի մոտ է: Չեմ ուզում ինձ գովել, սակայն ինձ ավելի սրտակից են այդպիսի դերերը:
- Իսկ չար կերպար կհամաձայնե՞ս խաղալ:
- Պետք է ծանոթանամ կերպարին: Եթե զգամ, որ իմը չէ, չեմ անի, ուղղակի անելու համար: Չգիտեմ` ինչքանով եմ այս դերս լավ խաղում, սակայն ինձ դուր է գալիս: Չեմ ասում, թե ամեն ինչ իդեալական է, սակայն եթե զգամ, որ չեմ կարողանում, չեմ նկարահանվի:

 

- Ի՞նչ է քեզ տվել հայտնիությունը. դրա ազդեցությամբ ինչ-որ բաներ փոխվե՞լ են քո կյանքում:
- Հաճելի է, որ փողոցում ինձ ճանաչում են, բայց որոշակի բարդույթ ունեմ. հնարավոր է` նախկինում ինչ-որ տեղում լինեի, հիմա` ոչ: Սակայն խոշոր հաշվով ես դրանից չեմ փոխվել, ինչի համար շատ ուրախ եմ:
- Իսկ ընկերներդ ի՞նչ կարծիքի են այդ մասին:
- Շրջապատիս մարդիկ էլ են ասում, որ այն եզակի մարդկանցից եմ, ում չի սպառնացել աստղային հիվանդությունը:
- Ընկերական շրջապատդ փոխվե՞լ է հայտնի դառնալուց հետո: Շատերին թվում է, թե հայտնի մարդն է փոխում իր շրջապատը, սակայն հաճախ հակառակն է լինում, երբ կողքիններդ, չհանդուրժելով հաջողություններդ, հեռանում են:
- Ընկերներս ավելացել կամ պակասել են, սակայն դա աշխատանքիս հետ կապ չունի: Նման բան չի եղել, եթե լինի, ուրեմն չարժե նման մարդկանց հետ շփվել:
- Իսկ ընկերներիդ ցանկը համալրվե՞լ է հայտնի մարդկանցով:
- Անկեղծ ասած, ես շատ քիչ մարդու եմ ինձ մոտ թողնում, որովհետև շատ դժվար եմ վստահում և այդ հարցերում շատ ուշադիր եմ: Իմ իրական ընկերները մի քանիսն են: Հայտնի ընկերներ ունեմ, սակայն անուններ նշել չեմ ցանկանում:
- Հայտնիությունը հաճախ խլում է մարդու անձնական կյանքը: Ոմանց դուր է գալիս և օգտագործում են դա, ոմանց` ոչ: Ինքդ ավելի աչալո՞ւրջ ես, թե ում հետ որտեղ կհայտնվես:
- Անկեղծ ասած, այդ ամենն ինձ շատ է բարկացնում: Չեմ սիրում, երբ խոսում են իմ անձնականից, որովհետև եթե մի բան կոչվում է անձնական, դա միայն քոնն է: Կարծում եմ` դրանից ավելի հետաքրքիր բաներ կան: Ես հիմնականում շատ շփում չունեմ տղաների հետ: Ամեն դեպքում, այո, որոշակի մտավախություններ ունեմ. եղբորս հետ զբոսնելիս էլ մտածում եմ, որ գուցե մարդիկ երևակայեն ու սկսեն խոսել: Ինձ բազմիցս նշանել են, ամուսնացրել, բաժանել:
- Քո և երգահան Ռիչարդ Մադլենյանի հարաբերությունները շատ են քննարկվում, դրան ինչպե՞ս ես վերաբերում: Ամեն դեպքում կա՞ նման բան:
- Ինչպես ասացի` ատում եմ, երբ քննարկում են անձնական կյանքս: Գուցե շատերին տարօրինակ թվա, սակայն ես չեմ սիրում խոսել այդ մասին:
- Շատերը չեն հավատում, որ տասնութ տարեկան ես: Քեզ ավելի մեծ են համարում: Տարիքից մեծ երևալը քեզ ուրախացնո՞ւմ, թե՞ տխրեցնում է:
- Դա ինձ համար չափանիշ չէ. ո´չ ուրախացնում է, ո´չ տխրեցնում: Ես տասնութ տարեկան եմ և ոչինչ չեմ կարող փոխել: Մարդիկ ասում են, որ թե´ տեսքով, թե´ մտածելակերպով ավելի հասուն եմ. եթե այդպես է, ես մեղավոր չեմ:

 

 
- Ինքդ ձգտո՞ւմ ես ավելի մեծ կամ փոքր երևալ:
- Չէ, պարզապես ուրախ եմ, որ այսպիսին եմ և տասնութ տարեկան եմ: Չէի ցանկանա նմանվել ինչ-որ մեկին, փոքր կամ մեծ երևալ:
- Արտաքինը կարևորո՞ւմ ես հաջողության հասնելու համար:
- Դա կարևոր է, սակայն ոչ առաջնային: Ամեն դեպքում, առաջինը, որ նկատում ես, արտաքինն է: Կարծում եմ` հաջողությանս գրավականներից մեկն էլ հենց դա էր, քանի որ սկզբում չէին տեսել իմ խաղը և ինձ արտաքինով էին նկատել:
 - Շատ աղջիկներ հաճախ թերագնահատում են իրենց տեսքը: Դու գո՞հ ես քո արտաքին տեսքից:
- Կցանկանայի մի քիչ բարձրահասակ լինել: Սիրում եմ իմ արտաքինը ու ինձ չեմ թերագնահատում կամ գերագնահատում: Ուղղակի շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիս, որ այսպիսին եմ. ես ինձ դուր եմ գալիս:
- Շատ են խոսում, որ տարատեսակ պլաստիկ վիրահատությունների ես դիմել: Իրականում դիմե՞լ ես նման միջամտության:
- Երբե´ք: Ես տասնյոթ տարեկան եմ և չէի էլ հասցնի այնքան վիրահատություն անել, որքան ինձ վերագրում են: Բժշկական ոչ մի միջամտություն չկա արտաքինիս վրա: Ամեն ինչ բնական է: Որևէ վիրահատության կարիք, կարծում եմ, չունեմ:
- Տասնյոթ տարեկանից արդեն աշխատում էիր, որոշակի ինքնուրույնություն ես ձեռք բերել, ինչը հասունացման ճանապարհին բավականին կարևոր քայլ է: Ինքնուրո՞ւյն ես, թե, տարիքդ նկատի ունենալով, հաճախ հաշվի ես առնում ծնողներիդ կարծիքը:
- Ինչ-որ չափով` հա, որովհետև ինքս աշխատում եմ, գումար եմ վաստակում և այժմ գիտեմ` ինչ է սեփական քրտինքով աշխատած  գումարը: Բացի դրանից, ծնողներս այստեղ չեն: Ես ինքնուրույնությունը նաև դրանից եմ ձեռք բերել:
- Այստեղ ո՞ւմ հետ ես ապրում: Վաղո՞ւց ես առանց ծնողներիդ ապրում:
- Տատիկիս և պապիկիս հետ եմ ապրում: Արդեն մի քանի տարի է` ծնողներս ապրում և աշխատում են Սոչիում, սակայն հաճախ են գալիս-գնում:

 

 
 
- Շա՞տ ես սրտնեղում, որ հեռու ես ծնողներիցդ:
- Սկզբում շատ դժվար էր, սակայն արդեն համակերպվել եմ:
- Հաճախ ես այցելո՞ւմ նրանց:
- Ծնողներս միշտ ասում են, որ գնամ, սակայն ես, չգիտեմ ինչու, ինձ չեմ պատկերացնում դրսում: Շատերն են զարմանում դրանից, բայց ես չունեմ այդ հարցի պատասխանը, ուղղակի չեմ պատկերացնում: Գուցե նրանից է, որ դրսում երբեք չեմ եղել: Այսինքն` միայն շատ փոքր տարիքում եմ եղել և չեմ հիշում:
- Սովորաբար տատիկ-պապիկներն ավելի պահպանողական և խիստ են լինում: Այդ առումով խնդիրներ ունեցե՞լ ես նրանց հետ:
- Սկզբնական շրջանում եղել են. ոչ միայն տատիկ պապիկս, այլև ծնողներս, զարմիկս դեմ էին կարիերայիս, սակայն ես պայքարեցի, որովհետև միշտ հասնում եմ նրան, ինչ ցանկանում եմ: Դա քմահաճույք չէ, այլ` նպատակասլացություն:
- Հե՞շտ հաղթահարեցիր այդ խնդիրները:
- Սկզբում շատ դժվար էր, քանի որ իրենք փողոցի մարդ չէին, որ արհամարհեի: Տան անդամներ են, ովքեր ամենակարևոր մարդիկ են ինձ համար, սակայն գիտեի, որ ամեն ինչ լավ կլինի: Ունեմ կանխազգալու հատկություն, որն ինձ չի խաբում :)
- Երբեմն ստիպված ես լինում բաց տեսարաններում խաղալ:  Ինչպե՞ս են վերաբերում դրան:
- Սկզբում չգիտեի` ինչ արձագանքներ կլինեն: Նկարահանվելուց հետո հասկացա, որ արձագանքները շատ բացասական են, ու ինքս ինձ խոստացա, որ այլևս չեմ նկարահանվի նման տեսարաններում: Սկզբում համաձայնեցի, որովհետև չէի պատկերացնում արձագանքները. ուղղակի մի քիչ անլուրջ վերաբերեցի այդ հարցին:
 

 
 
- Կարևորո՞ւմ ես, որ հաջորդ դերդ էլ գլխավոր լինի:
- Չէ, ինձ համար կարևորն այն է, որ կարողանամ լավ կերտել այդ կերպարը: Ես սկզբում չէի էլ սպասում, որ առանց կրթության այսքան շուտ գլխավոր դեր կստանամ: Ես մեծ փորձ էլ չունեի, քանի որ նախորդ սերիալը շատ կարճ տևեց, կերպարս էլ գլխավոր չէր, և ես չէի հասցրել խորանալ, փորձառու դառնալ:
- Բացասական մեկնաբանությունները երբեմն անցնում են անձնական վիրավորանքի սահմանը: Դրանք քեզ խոցո՞ւմ են:
- Սկզբում հիվանդագին կերպով հետևում էի իմ անվան շուրջ խոսակցություններին ու շատ վատ էի զգում բացասական մեկնաբանություններից, անգամ հուզվում, արտասվում էի: Սակայն սովորեցի այդ ամենին ու հասկացա, որ ամեն ինչ չի կարող դրական լինել: Հիմա սրտիս մոտ չեմ ընդունում, երբ մարդիկ, չհավանելով իմ խաղը, անձնական վիրավորանքներ են գրում:
- Սոցցանցերը երիտասարդներիս առօրյայի մի մասն են: Դու գրանցված չես դրանցում: Ի՞նչն է պատճառը: Ինչպե՞ս ես դուրս մնացել համաշխարհային սարդոստայնից:
- Ժամանակին գրանցված էի ֆեյսբուքում, սակայն հասկացա, որ ինձ մոտ ուղղակի հիվանդություն է, ինչպես գրեթե բոլորի մոտ: Երբ արթնանում էի, վերցնում էի հեռախոսս ու մտնում ֆեյսբուք: Հասկացա, որ դա ժամանակի զուր կորուստ է, քանի որ կարող եմ հեռախոսով շփվել այն ընկերներիս հետ և ավելորդ ժամանակ չծախսել: Այժմ իմ նկարներով և անունով շատ էջեր կան, որոնցով խոսում են իմ անունից: Հավատացնում եմ, որ ես որևէ սոցցանցում չկամ և խնդրում եմ, որ եթե անգամ նման էջ են բացում, գոնե իմ անունից չխոսեն:

Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը

 
Комментариев: 0 Просмотров: 989 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0