Главная » Файлы » LifeStyle |
Ամուսնության առաջարկ` Միհրան Ծառուկյանին
Անձնական հմայքն ու հանդիսատեսի համակրանքը արտիստին կարող է ոգեշնչել և ինքնավստահ դարձնել… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգիչ Միհրան Ծառուկյանն է, ով իր անհանգիստ ու պրպտուն բնավորությամբ փորձում է միշտ յուրովի ներկայանալ երկրպագուներին: Միհրանը մեզ հետ անկեղծացավ ոչ միայն գործնական, այլև անձնական, ֆինանսական և այլ հարցերի շուրջ…
-Ի՞նչ նորություններ ունեք:
-Հիմա պատրաստում եմ նոր երգ և տեսահոլովակ: Տեսահոլովակը մասշտաբային է, մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջում: Շուտով կհանձնեմ հանդիսատեսի դատին: Արագ և աշխույժ երգ է: Մի քանի օրից պրեմիերան կլինի…
-Երգի հետ կապված՝ ո՞ւմ հետ եք աշխատել
-Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Էդգարը. «Դուետրո» ստուդիայում է ամեն ինչ արվել: Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը…
-Որքան նկատել եմ, վերջին շրջանում ավելի հազվադեպ եք սկսել նոր ստեղծագործություններով հանդես գալ: Ինչո՞ւ:
-Այնքան էլ այդպես չէ, պարզապես այս տարի սա դեռ առաջին աշխատանքն է: Իսկ նախորդ տարի երեք տեսահոլովակ եմ նկարահանել և մեկ նոր երգ՝ տեսահոլովակով: Պարզապես այդ վերջին տեսահոլովակն ինտերնետային տարբերակով եղավ:
-Միհրան, ի՞նձ է թվում, թե հիմա շոու-բիզնեսը Հայաստանում ավելի «լուռ» է:
-Չէի ասի, թե լուռ է: Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Հայաստան և շատ նոր տեսահոլովակների հանդիպեցի եթերներում…
-Գործնակա՞ն ճանապարհորդության էիք:
-Համերգներով շրջագայում էինք ես, Լիլիթ Հովհաննիսյանը, Արամեն, Գուրգեն Դաբաղյանը…
-Իսկ Հայաստանում նման համերգները ինչո՞ւ են նվազել:
-Չգիտեմ, այստեղ համերգներ քիչ են կազմակերպվում: Հաճախ էլ կազմակերպված համերգները համապատասխան պայմաններ չեն ունենում, որպեսզի մասնակցես…
-Ո՞ր պայմանների մասին է խոսքը՝ ֆինանսակա՞ն, թե կազմակերպչական…
-Առաջին հերթին կարևոր է համերգի վայրը, լուսային, ձայնային, բեմական որակը… Բնականաբար, վերջում կնշեմ նաև ֆինանսականը, որը նույնպես կարևոր է:
-Հենց այդ ֆինանսական պահանջից ելնելով էլ շատերն իրենց աշխատանքը գտնում են ռեստորաններում ու ակումբներո՞ւմ:
-Պատճառները տարբեր են. մեկին ֆինանսական բարեկեցությունն է այնտեղ տանում, մյուսին՝ փորձ ձեռքբերելու ձգտումը… Այդտեղ բացարձակ վատ բան չկա, ինքս էլ երկար տարիներ աշխատել եմ ակումբում:
-Անցյալով խոսեցիք, փաստորեն հիմա չե՞ք աշխատում:
-Ոչ, չեմ աշխատում:
-Ինչո՞ւ:
-Նորից պայմանների խնդիր է: Փոխհամաձայնության չենք գալիս…
-Բայց ասում են այսօր առանց այդ կողմնակի աշխատանքի երգչի համար ֆինանսական դժվարություններ են ծագում:
-Եթե չկարողանայի պայմաններ ստեղծել ինձ համար, բնականաբար, գուցեև հարմարվեի ու աշխատեի ակումբում, բայց քանի որ կարողանում եմ ու դրա կարիքը այդքան շատ չունեմ, չեմ բողոքում ակումբում չաշխատելուց…
-Պատահաբար, կողմնակի բիզնես չունե՞ք:
-Ոչ, իմ միակ աշխատանքը երգելն է:
-Կար մի շրջան, որ դուք Ձեր ուժերը փորձեցիք նաև որպես դերասան: Ձեզ այդ աշխատանքը, մասնագիտությունը դուր եկա՞վ:
-Այո, և ասեմ, որ դերասանի աշխատանքը շատ բարդ աշխատանք է… Ափսոս, որ համապատասխան չեն վարձատրվում… Կան վաստակավոր դերասաններ, որ սերիալներում են նկարահանվում, և, ըստ իս, գոնե նրանց պետք է շատ բարձր վարձատրեն, բայց…
-Իսկ դուք նոր առաջարկներ չունե՞ք սերիալում հանդես գալու: Ի վերջո, մարդիկ սիրեցին «Գոռին» ու մինչև այսօր հիշում են…
-Ճիշտն ասած դեռևս նոր առաջարկ չկա: Երբ նոր էր մեր սերիալը վերջացել, տարբեր առաջարկներ եղան, պարզապես ես չուզեցի: Քանի որ նոր էր ավարտվել նախորդը, չցանկացա նորից ու անընդհատ եթերով երևալ: Մտածեցի՝ մի քիչ հանգստանամ… Նաև սերիալներն են կրճատվել, եթե նկատել եք, ամեն հեռուստաընկերություն ունի միայն մեկ սերիալ:
-Կարելի՞ է ասել՝ առաջարկի դեպքում չեն մերժվի…
-Չգիտեմ, նորից կախված է պայմաններից… նաև, քանի որ մասնագիտությամբ դերասան չեմ, չգիտեմ, որքանո՞վ է ճիշտ իմ նկարահանվելը… Իսկապես, դերասանությունը շատ լուրջ արվեստ ու աշխատանք է, աշխատատար է ու պատասխանատու…
-Բայց դերասան չլինելով հանդերձ՝ կարողացաք կերպարի մեջ դնել… Ինչպե՞ս հաջողվեց:
-Անընդհատ դերասաններից խորհուրդներ էի հարցնում, ուշադրությամբ հետևում էի իրենց աշխատանքին… Փառք Աստծո՝ հաջողվեց…
-Միհրան, արտիստները լինելով հասարակության ուշադրության կենտրոնում, չեմ կարող խուսափել բամբասանքներից…Սերիալի ընթացքում ձեր անունը հաճախակի նշում էին ձեր երկու գործընկերուհիների՝ Մերիի և Շուշանիկի կողքին: Փոխհարաբերությունները աղջիկների հետ հիմա ինչպիսի՞ն են:
-Կարելի է ասել՝ կապ չկա: Հազվադեպ ենք հանդիպում, այն էլ, եթե գործնական հարցեր են ծագում…
-Բամբասանքնե՞րը խանգարեցին ձեր մարդկային հարաբերություններին:
-Ոչ, ոչ, բացարձակ ոչ մի խնդիր մեր մեջ չկա: Պարզապես յուրաքանչյուրս զբաղված է իր գործով, աշխատանքով…
-Ունե՞ք բնավորության գիծ, որը ձեր մեջ չեք սիրում:
-Այո, չեմ սիրում այն, որ մի փոքր անհամբեր եմ…Չեմ կարողանում այդ բնավորությունը ինձանից դուրս մղել…
-Անընդհատ զբաղված եք լինում, աշխատանքի, նկարահանումների մեջ: Հասցնո՞ւմ եք հանգստանալ:
-Իմ հանգիստն ավելի շատ լինում է համերգային շրջագայությունների ժամանակ…
-Միհրան, երիտասարդ աղջիկներին հետաքրքրում է նաև՝ արդյոք Միհրան Ծառուկյանի սիրտը զբաղված է…
-Եկեք այդ անձնական հարցը անցնենք (ծիծաղում է)…
-Իսկ ձեր ՆԱ-ն ինչպիսի՞ն պետք է լինի…
-Չեմ կարող նկարագրել… Կարևորը, որ զույգը միմյանց հասկանա ու շատ սիրի…Այդ դեպքում ամեն ինչ ստացված ու հաջող կկոչվի: Երբ սկսեն չհասկանալ, նշանակում է սերը պակասել է: Պետք է շատ սիրես ու շատ սիրվես… այդպես ամեն ինչ լավ կլինի:
-Երկրպագուհիները հաճա՞խ են «անհանգստացնում»…
-Օրինակ այսօր արդեն քանի անգամ զանգահարել, չեն խոսել… Լինում է, որ խոսում են, պատահում է, շատ անհարմար ժամի են զանգում… Բայց դա նորմալ եմ համարում, քանի որ մեր կյանքի բնույթն է այդպես…
-Իսկ երբևէ տարօրինակ առաջարկներ ստացե՞լ եք նրանցից:
Եղել է, որ համերգից հետո մոտեցել ու ասել են՝ ուզում ենք ամուսնանալ ձեզ հետ (ծիծաղում է)… Բնականաբար զարմացա և ծիծաղեցի և այդպես անցավ…
-Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք զրուցելու… Ձեր երկրպագուներին ի՞նչ կասեք:
-Կասեմ՝ սպասեք շատ շուտով նոր տեսահոլովակի: Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք միշտ: Կանեմ ամեն ինչ, որ էլ ավելի գոհացնեմ ձեզ, ինձանից դժգոհ չմնաք…
Հեղինակ Նելլի Մարգարյան
|
Всего комментариев: 0 | |