Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի ամիս է՝ կրքոտ տեքստային հաղորդագրություններ է ուղարկում հայտնի հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունի հեռախոսային համարին, գրում է newsru.com-ը՝ հղում անելով գերմանական Bild թերթին, որն էլ վկայակոչում է դերասանուհու ընկերուհուն, ում անունը հայտնի չէ:
Աղբյուրի խոսքով, սակայն, 56-ամյա աստղը Պուտինին չի համարում «առանձնապես սեքսուալ»։
Շերոն Սթոունը և Վլադիմիր Պուտինն անձամբ հանդիպել են 2010 թվականի դեկտեմբերի 10-ին սկանդալային հայտնի բարեգործական երեկոյի ընթացքում, որը նվիրված է եղել քաղցկեղով հիվանդ երեխաների կարիքների համար գումար հավաքելուն: Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ և հրավիրված աստղեր, այդ թվում՝ Ժերար Դեպարդյեն, Միկի Ռուրկը և Շերոն Սթոունը:
Պուտինն, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՌԴ վարչապետի պաշտոնը, բեմ է բարձրացել և երգել է հայտնի ամերիկյան Blueberry Hill երգը, ինչպես նաև «С чего начинается родина» մեղեդին:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին նախագահը հրապարակայնորեն հայտարարել է Լյուդմիլա Պուտինայից բաժանվելու մասին: Ապրիլին հայտնի է դարձել, որ նրանք պաշտոնապես ամուսնալուծվել են: